Արմինֆո. Ուկրաինայում պատերազմի շուրջ դիտվում և արդեն հստակ երևում է երկու միտում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:
"Ելնելով այն հանգամանքից, որ իրականում Ուկրաինայում այսօր ընթանում է ոչ թե պատերազմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այլ պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, հարկ է արձանագրել, որ Ուկրաինան վերածվել է սպառազինության տարբեր տեսակների փորձադաշտի։ Առաջին հերթին, պատերազմող կողմերը արդյունավետության մեծ աստիճանով ծախսում են դեռևս Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից մնացած հնացած զինանոցները", - նշել է նա։
Զուգահեռաբար, ըստ քաղաքագետի, պատերազմող կողմերը բավական հաջող Ուկրաինայում փորձարկում են նաև վերջին տասնամյակներում ստեղծված սպառազինությունները։ Այդ թվում՝ նորագույն, գերժամանակակից զինատեսակներ, որոնք իրական մարտական պայմաններում առաջին անգամ են փորձարկվում։ Մինչդեռ, Քեռյանի կարծիքով, նման փորձարկումն ունի իր կլորիկ գինը եւ վիթխարի նշանակություն՝ զենքի համաշխարհային շուկաներում կոոմերցիոն տեսանկյունից:
Այս լույսի ներքո քաղաքագետը հիշեցրել է, որ Արցախում իսրայելական և թուրքական անօդաչու թռչող սարքերի փորձարկումից հետո՝ այժմ Ուկրաինայում դրանց փորձարկումն էապես նպաստում է զենքի միջազգային շուկաներում պահանջարկի աճին: Այնպես որ սլավոնների արյան վրա լավ էլ փող են դիզում։ Հենց դրանով է Քեռյանը պայմանավորում Ուկրաինայում պատերազմի դադարեցում թույլ չտալու Արևմուտքի ձգտումը։ Ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկուն պարբերական խրախուսումը՝ Մոսկվայի հետ բանակցություններից հետ պահելու նպատակով։ "Երկրորդ միտումը արևմտյան ստրատեգների կողմից Աստանայի ձևաչափի նպատակաուղղված խարխլումն է ՝ Ռուսաստանի դիրքերի էլ ավելի թուլացման հասնելու նպատակով ։ Այս լույսի ներքո՝ ամենևին էլ պատահական չի թվում վերադարձը անհաջողություններով լի իրանական միջուկային գործարքին: Գործարքի հաջող ավարտը թույլ կտա Արևմուտքին հասնել կրկնակի արդյունքի։ ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Թեհրանին թույլ կտա վերականգնել իր դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Ինչն անմիջապես կհանգեցնի ՌԴ-ից Արևմուտքի էներգետիկ կախվածության թուլացման։ Զուգահեռաբար Մոսկվան եւ Անկարան կկորցնեն իրենց նպատակների համար Արեւմուտքի եւ Իրանի միջեւ հակասությունները որպես դիվանագիտական լծակ օգտագործելու հնարավորությունը", - ամփոփել է քաղաքագետը։