Արմինֆո.Հայաստանի առջեւ բացարձակապես դրված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու կամ վատացնելու խնդիր։ Կարծում եմ, որ այդ կարծիքի օգտին է խոսում մեր ունեցած ռեսուրսների տարրական հաշվարկը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Արդար Հայաստան" կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը։
"Կարծում եմ, որ առանց այդ էլ թշնամիներով շրջապատված Հայաստանում ոչ մեկի պետք չէ նոր թշնամի՝ ի դեմս Ռուսաստանի։ Իսկ, հաշվի առնելով մեր խիստ սահմանափակ ռեսուրսները, ՌԴ-ում հակահայկական տրամադրությունների ձևավորումը, հաստատ, մեր շահերից չի բխում։ Մեր շահերից է բխում միայն Երևանի կարմիր գծերի շրջանակներում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման խնդիր դնելն ու իրագործելը։ Ես դա պնդում եմ 2018 թվականից ի վեր", - նշել է նա։
Քաղաքական գործիչը համոզված է, որ Հայաստանի քաղաքական վերնախավի խնդիրը, սկսած հենց "Թավշյա հեղափոխությունից", պետք է դառնար՝ թույլ չտալ, որպեսզի Մոսկվան որպես այլընտրանքային ռազմավարական դաշնակից դիտարկեր այլ երկրներ, առաջին հերթին, Ադրբեջանը։ Համապատասխանաբար, հաշվի առնելով այդ խնդրի ձախողումը, նրա կարծիքով, այժմ Հայաստանի ղեկավարությանն անհրաժեշտ է աշխատել սխալների վրա։ Հասկանալու համար, թե կոնկրետ որտեղ են եղել սխալները։
Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է փաստացի արտաքին կախվածության մեջ, Նորիկյանն ընդգծել է, որ երկրի այլընտրանքային հնարավորությունները շատ քիչ են: Այստեղից էլ, նրա կարծիքով, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ նպատակ ունենալով ամբողջովին բացառել միջանցքային տրամաբանությունը Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների տրամադրման գործընթացում։
Իրավիճակը, նրա կարծիքով, այսօր իսկապես կրիտիկական է և ճակատագրական։ Հայաստանը գտնվում է ջրբաժանի վրա։ Իսկ ելնելով մի շարք միջազգային և ներքին ազդակներից՝ հասկանալի է դառնում, որ միջանցքի հարցն այսօր չափազանց սուր է դրված Հայաստանի առջև: Իսկ Հայաստանի ղեկավարությունը պետք է ճակատագրական որոշում կայացնի։
"Մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կառավարությունը փորձում է առաջ քաշել միջանցքային տրամաբանությանն այլընտրանք։ Բայց հասկանալի է, որ Անկարայում կամ Բաքվում միջանցքի գաղափարից այդքան հեշտ չեն հրաժարվի։ Այսպես թե այնպես, մենք պետք է աշխարհին հասցնենք, որ անկախ այն բանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին, մենք մտադիր չենք համաձայնվել միջանցքային տրամաբանությանը։ Սյունիքում միջանցքի հայտնվելը նշանակում է այդ տարածաշրջանի նկատմամբ հայկական ինքնիշխանության կորուստ", - ամփոփել է քաղաքական գործիչը