Արմինֆո. Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում գործող թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Այդ մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Տեղեկացնում ենք, որ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները մասնակի մեկուսացում են իրականացրել և աշխատանքներ են տարվում հրդեհը լիամարելու ուղղությամբ։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։
Իրավիճակը վերահսկվում է», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացնում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ: «Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո», - ասվում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: