Արմինֆո.Հայաստանի կառավարության օգոստոսի 19-ի որոշումը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ միջազգային իրավունքը։ Քանի որ այնտեղ նկարագրված գործընթացները պետք է ձևակերպվեն բացառապես միջպետական պայմանագրերի տեսքով։ Իսկ վերջինը պահանջում է այդ պետությունների միջև փոխադարձ ճանաչում՝ որպես իրավաբանական սուբյեկտ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Օգոստոսի 19-ին ՀՀ կառավարությունը որոշել է մաքսային հսկողության գոտի սահմանել Սոթքի, Երասխի և Քարահունջի մաքսակետերի շրջանում։ Այսպիսով՝ Ալիեւը "անարգել կապ է ստանում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ", ինչպես ասված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:
"Հայաստանի և Ադրբեջանի միջև նման հարաբերություններ չկան։ Հետևաբար, չի կարող ստորագրվել նաև ցանկացած փաստաթուղթ։ Իսկ եթե խոսքը սահմանի մասին է, ապա պետք է լինի այդ սահմանը երկուստեք ճանաչող փաստաթուղթ՝ սահմանազատման և սահմանագծման մասին։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի տարածքին վերաբերող ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով", - նշել է նա։
Պապյանի գնահատմամբ՝ Հայաստանի կառավարության օգոստոսի 19-ի որոշման դեպքում տեղի է ունենում Հայաստանի տարածքի ակնհայտ հանձնում։ Նաեւ անհասկանալի է, թե ինչ քաղաքական արտոնություններ է մտադիր ստանալ Հայաստանը, և՝ ինչի դիմաց։ Արդյոք այստեղ կա սիմետրիկության սկզբունք։ Կան նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղեւորահոսքի եւ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
"Այլ կերպ ասած՝ հերթական անգամ փորձ է արվել բարդագույն խնդիրները լուծել հերթական կեղծ հայտարարության միջոցով։ Ինչը ոչ միայն չի լուծել խնդիրը, այլև ավելի է բարդացրել դրա լուծումը։ Դա ապագայում կհանգեցնի ավելի մեծ խնդիրների։ Հատկապես, հաշվի առնելով երաշխիքների բացակայությունը, թե ինչ է տեղափոխվելու այդ ճանապարհներով: Եվ ինչպես բացառել, օրինակ, զենքի տարանցումը: Այնպես որ, Փաշինյանի այս նախաձեռնության իմաստն անհասկանալի է։ Թեեւ, այս ամենը կարող է լինել, պարզապես, Երեւանի նկատմամբ Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի ճնշման հետեւանք", - ամփոփել է Պապյանը։