Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղության գրավականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության շեւրջ համաձայնագիրն է։ Ըստ "Անադոլու" գործակալության՝ այդ մասին Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
"Հատուկ ներկայացուցիչներն անցկացրել են չորս հանդիպում։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես եկավ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին է եւ այլն: Որոշակի ջանքեր են ձեռնարկվել առեւտրի ոլորտում", - ասել է թուրք նախարարը:
Ընդ որում, նա սուբյեկտիվ է համարել Անկարայի եւ Երեւանի երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը: "Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գրավականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ խաղաղության համաձայնագիրն է: Բաքուն հնչեցրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում մտահոգված են այդ առնչությամբ։ Երեւանում պետք է կողմնորոշվեն, թե արդյոք իրենք ուզւոմ են խաղաղություն", - շարունակել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, թե հայկական զորքերը երկու տարի անց դեռ չեն լքել Ադրբեջանի տարածքը: "Հայաստանի անկեղծության բացակայությունը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորի համար։ Երեւանում պետք է իմանան, որ Անկարան Բաքվից գաղտնի ոչ մի ծրագիր չունի։ Մենք հանդես ենք գալիս խաղաղության օգտին", - ասել է թուրք նախարարը։