Արմինֆո.Արեւմուտքի եւ ԻԻՀ միջեւ "միջուկային գործարքը " հնարավորություններ է պարունակում նաեւ Հայաստանի համար։ Դրա կենսագործումը թույլ կտա, մասնավորաբար, զգալիորեն նվազեցնել Թեհրանի եւ Բրյուսելի ու Վաշինգտոնի միջեւ լարվածությունը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Օգոստոսի 18-ին Իրանի իշխանությունները ԵՄ-ին են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ առաջարկներին իրենց պատասխանը, որի բովանդակությունը չի հրապարակվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները Եվրամիության միջոցով ստացել են Թեհրանի պատասխանը իրանական միջուկային ծրագրի շուրջ Բրյուսելի առաջարկին եւ սկսել են դրա ուսումնասիրումը: Նույն օրը Iran International հեռուստաալիքը հաղորդել է զիջումների ցանկի մասին, որոնք ԱՄՆ-ը, իբր, համաձայնել է տրամադրել Իրանին: Դրանց թվում են Իրանի 17 բանկերի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը եւ Հարավային Կորեայում 7 մլրդ դոլարի իրանական ակտիվների անհապաղ ապաարգելափակումը:
"Կարծում եմ, որ Իրանի տնտեսության համար բացվող հնարավորությունները բավական բարդ է գերագնահատել։ Այն դեպքում, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը համընկնում է նաեւ մեր շահերի հետ։ Բանն այն է, որ այսօր Իրանի և Թուրքիայի միջև գոյություն ունի որոշակի փոխկախվածություն։ Եվ, եթե միջուկային համաձայնագիրն այդպես էլ մնա թղթի վրա, Անկարան Թեհրանի նկատմամբ լրացուցիչ ճնշման հնարավորություն կստանա։ Այդ թվում՝ Հայաստանի տարածքով տխրահռչակ "Զանգեզուրի միջանցքի" հարցում", - ընդգծել է նա։
Իրանագետի գնահատմամբ՝ այդ միջանցքն Էրդողանին ավելի շատ է պետք, քան՝ Ալիևին։ Մինչդեռ, Թեհրանի համար այդ թյուրքական գաղափարը կարմիր գիծ է։ Եվ վերջինս հիմա փորձում է բոլոր ուժերով դիմակայել դրա իրականացմանը։ Իսկ, հաշվի առնելով, որ միջանցքը կարմիր գիծ է նաեւ Հայաստանի համար, փորձագետն այս հարցում Երեւանի գործողությունները Թեհրանի հետ համակարգելու համար ակնհայտ անհրաժեշտություն է տեսնում։ "Թուրք-ադրբեջանական տանդեմի հեռուն գնացող ծրագրերի իրականացմանը հակազդելու հարցում հայկական և իրանական շահերի համընկնումը, գործնականում, այլընտրանք չունեցող բնույթ է հաղորդում Հայաստանի և Իրանի համագործակցությանը։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ նախաձեռնությունը պետք է բխի նաև Երևանից, քանի որ ես բավականին հոռետեսորեն եմ վերաբերվում այս հարցում Հայաստանին Արևմուտքի և ՌԴ-ի աջակցության հեռանկարին։ Պատճառը պարզ է. դա չեն պահանջում իրենց շահերը՝ ի տարբերություն Իրանի շահերի", - ամփոփել է փորձագետը։