Արմինֆո.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը Արցախի հանձնումն Ադրբեջանին, հատկապես, դե յուրե, կանխելու երաշխիք է, հայության համար դրա պահպանումն անվիճելի առաջնահերթություն է։
ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։ "Քանի որ ամեն ինչ սկսվում է իրավունքից, ապա, այս իմաստով, Բերձորի, Աղավնոյի և Սուսի պահպանումը նշանակում է ոչ միայն այդ բնակավայրերի պահպանում, այլև մյուս գրավյալ արցախյան տարածքների վերադարձման իրավունքի պահպանում։ Լաչինի միջանցքը Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրների լուծմանը նպաստող հարց է։ Դա մեր անվտանգության ողնաշարն է, քանի որ, ստանալով այն, Բաքուն անմիջապես կանցնի "Զանգեզուրի միջանցքի" ճեղքմանը", - ընդգծել է նա։
Նման տրամաբանության շրջանակներում Բաքուն, ըստ վերլուծաբանի, անտեսում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ սևով սպիտակի վրա Լաչինի միջանցքը նշված է որպես ՌԴ-ի մանդատին ենթակա գոտի։ Իսկ վերջինս տարօրինակ կերպով դա խաղարկում է՝ աչք փակելով "Ադրբեջանի ինքնիշխան տարածքը հայ ահաբեկիչներից մաքրելու" Ալիևի ամենշաբաթյա խոստումների վրա։
Ըստ Սարոյանի, նման գործողություններով Ադրբեջանը փորձում է հիմք ստեղծել Լաչինի միջանցքի "ազատագրումից" անմիջապես հետո Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սկսելու լեգիտիմ իրավունքի համար: Եվ, եթե դա նրան հաջողվի, Լաչինը Բաքվի համար կբացի այն գործողությունների հնարավորություն, որոնք էքզիստենցիալ սպառնալիք են ստեղծում հայոց պետականության հետագա գոյության համար։
"Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայիս կեցվածքը թվում է դավաճանական. երկիրը բոլորովին չի նախապատրաստվում նման ագրեսիան հետ մղելուն։ Այս ամենն ուղեկցվում է ընդհանուր իրավիճակի հետ կապված ահաբեկելու, Հայաստանի բնակչության շրջանում խուճապ սերմանելու փորձերով՝ բոլոր հարակից հետեւանքներով", - ընդգծել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, այս սցենարի իրականացմանը կարող է դիմակայել միայն հայ ժողովուրդը։ Նրա գնահատմամբ ՝ Հայաստանի շուրջ և այժմ արդեն Հայաստանի ներսում դրսից նախաձեռնվող գործընթացները հնարավոր է կանգնեցնել հայ ժողովրդի խոհեմության դրսեւորմամբ և կամքի արտահայտմամբ։ Ըստ Սարոյանի ՝ Հայաստանում խելամիտ, կամային մարդիկ բավականաչափ են, խնդիրն առնչվում է, հիմնականում, իշխանությանը, առաջին հերթին՝ բանակի ղեկավարությանը։ Վերջինը, նրա կարծիքով, գործում է բացառապես ապազգային հունով՝ ապահովելով արտաքին ուժերի շահերը։