Արմինֆո. Դեբետ գետի վրայով "Բարեկամության կամուրջը" վրաց-հայկական սահմանի "Սադախլո-Բագրատաշենի" անցակետում օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիների եւ հյուրերի համար, այլեւ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում՝ որպես Արեւելք-Արեւմուտք միջազգային մայրուղու կարեւոր մաս:
Ըստ վրացական առաջին հանրային ալիքի՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով նոր ավտոմոբիլային կամրջի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Բարեկամության կամուրջը, որը մենք կառուցել ենք միասին, մարմնավորում է Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությունն ու բարեկամությունը", - ասել Է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ 160 մետր երկարությամբ ժամանակակից ստանդարտների եւ պարամետրերին համապատասխանող կամուրջը, որը կառուցվել է երկու պետությունների տարածքում, եզակի նախագիծ է տարածաշրջանում: "Դրա շահագործման արդյունքում երկու անգամ կմեծանա սահմանային թողունակությունը, կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների և հյուրերի, այնպես էլ տարանցիկ փոխադրամիջոցների համար։ Դա, իր հերթին, կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը",- ասել է Վրաստանի վարչապետը։
Նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն ՎԶԵԲ-ի վարկային միջոցներն են, իսկ մնացած 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներն: Կամուրջի կառուցապատողը Ariana Tunnel Dam Co ընկերությունն է (Իրան), տեխնիկական հսկողությունը վստահված է Soosung Engineering Co., Ltd համատեղ ընկերությանը եւ Korea Consultants International Co., Ltd.-ին (Հարավային Կորեա):
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ "Հայաստանի հյուսիսային սահմանային կետերի արդիականացման ծրագիրը" ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 23-ին: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ "Բարեկամության կամուրջ" կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին (ի սկզբանե նախատեսվում էր կամուրջը շահագործման հանձնել մինչեւ 2016 թվականի վերջը): Նոր ենթակառուցվածքային նախագիծը թույլ կտա տնտեսել նաեւ փոխադրողների ժամանակը, անցակետով մարդկանց անցումը 15 րոպեից կնվազի մինչեւ 5 րոպե, իսկ բեռներինը՝ 75 րոպեից մինչեւ 25 րոպե: