Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է փողոցային առևտրի խնդրի իր լուծումը, որի շրջանակներում չնախատեսված վայրում առևտրի համար ապրանքը կբռնագրավեն։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 18-ին հավանություն է
տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, օրենսդրական այս փաթեթով խստացվում են Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի միջոցները: «Առևտրի և ծառայության մասին օրենքով սահմանած է, թե փողոցում և բացօթյա հատվածումներում ինչ տեսակի և որտեղ կարելի է առևտուր իրականացնել։ Երևանը և այլ համայնքներ բախվում են այս խնդրին, և փողոցային առևտուրն անընդհատ առկա է։ Ինչքան էլ տույժեր կամ վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չի կարգավորվում։ Նախագծի վրա հիմնականում քաղաքապետարանի մեր գործընկերներն են աշխատել և առաջարկել են, որ ոչ միայն նրանք կարողանան վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն, աշխատակիցներն իրավունք կունենան բռնագրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել»,- ասել է նախարարը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր առկա գործիքակազմը բավարար չէ վարչական իրավախախտումներով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: «Շատ դեպքերում այդ տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից, 90 տոկոս դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում, և գնում ու սնանկ են դառնում։ Խնդրի լուծումը մենք տեսնում ենք հետևյալ կերպ՝ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում կարողանանք բռնագրավել այն միջոցները, որոնք օգտագործվում են ծառայություններ մատուցելու կամ առևտրի համար: Դրանով, կարծում ենք, այս խնդիրը վերջնականապես կկարողանանք լուծել։ Պարբերաբար մենք Երևանում միջոցառումներ ենք իրականացնում, բայց ժամեր հետո այդ ամենը նորից կրկնվում է»,- նշել է քաղաքապետը։
Նշենք, որ փաստաթղթին կից պարզաբանման համաձայն, փողոցում կարող են վաճառվել միայն ծաղիկներ, տնկիներ, ամանորյա եղեւնիներ, պաղպաղակ, ջուր, այդ թվում ՝ հանքային, հյութեր եւ ոչ ալկոհոլային ընպելիքներ: