Արմինֆո. Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Այդ մասին հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան, և կողմերը ուղիղ կապի մեջ են՝ առանց մանրամասնելու խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է և կոնկրետ ում միջև։
«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ», - ասել է Սելեզնյովը «Ազատություն» ռադիոկայանին:
Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհը արդեն պատրաստ կլինի։ «Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը ուղիղ կապի մեջ են, և ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա», - ասել է Մաքսիմ Սելեզնյովը, հավելելով, որ ռուսական առաքելությունը անում է այն, ինչ հնարավոր է՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում:
«Հասկանում եք՝ ռուսաստանցի խաղաղապահներն անում են առավելագույնը, ինչ իրենց մանդատը թույլ է տալիս։ Ինձ դժվար է ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ ասել է [Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության] դեպարտամենտից իմ գործընկերը։ Ցանկալի կլիներ, որպեսզի զսպվածություն լիներ՝ բոլոր կողմերից և ադրբեջանական զորքերի կողմից։ Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը, Երևանում ու Ստեփանակերտում պետք է բոլորը հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբը իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի առավելագույնը ետ պահի քաղաքացիական բնակչությանը պատերազմի սարսափներից», - ընդգծել է նա։
Միաժամանակ Սելեզնյովը հաղորդել է, թե Մոսկվան պատրաստ է ընդլայնել ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը Արցախում, եթե Երևանն ու Բաքուն համաձայնության գան այդ հարցում։
Օգոստոսի սկզբին Ադրբեջանը հերթական սադրանքն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Դրանից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է նոր երթուղով հաղորդակցություն կազմակերպել Արցախի եւ Հայաստանի միջեւ: Իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Լաչինի միջանցքի տարածքում գտնվող Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքների բնակիչներին տեղեկացրել է, որ օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում ռուս խաղաղապահներ չեն լինելու, ուստի նրանք իրենց տները պետք է լքեն մինչեւ ամսվա վերջ:
Մի քանի շաբաթ առաջ այս հարցի վերաբերյալ առաջին և առայժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ անհրաժեշտ է եռակողմ ձևաչափով փաստաթուղթ ստորագրել, որը վերաբերում է ինչպես խաղաղապահների վերատեղակայմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքներին: Նույն օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետը քննադատություն հնչեցրեց ռուս խաղաղապահների հասցեին, պնդելով, որ Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները տեղի են ունենում նրանց ներկայությամբ և նրանց թողտվությամբ։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը հայկական կողմի այդ քննադատությունը որակեց չարդարացված։