


Եթե մի քանի օրվա ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները չհայտնաբերեն և պատասխանատվության չենթարկեն Արտակ Խաչատրյանին առևանգած անձանց, ՙԲարգավաճ Հայաստանը՚ կպահանջի բազմաթիվ պաշտոնատար անձանց հրաժարականները: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ
Ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ: Ակցիային մասնակցել են ոչ իշխանական եռյակի պատգամավորներ և մի քանի հարյուր քաղաքացի: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչների համաձայն, փետրվարի յոթին մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել և դաժան ծեծի են ենթարկել ՙԿասեցում՚ շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Ավելի վաղ Արտակ Խաչատրյանը ակտիվորեն մասնակցել է ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներին:
Զոհրաբյանի խոսքով, եթե հանցագործությունը սեղմ ժամկետներում չբացահայտվի, դա կնշանակի, որ երկրի իշխանությունները չեն կարող ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը: ՙՄենք ապրում ենք ոչ թե ապահով, այլ սիցիլիական բանդիտիզմի երկիր հիշեցնող Հայաստանում՚,- գտնում է Զոհրաբյանը: Նա նաև վստահ է, որ Խաչատրյանի առևանգումը և ծեծի ենթարկումն անձնական շարժառիթներ չունի և կապված է բացառապես նրա հասարակական գործունեության հետ:
Ակցիան ավարտվել է այն բանով, որ հավաքվածները մի քանի օր են տվել հանցագործության բացահայտման և մեղավորներին պատժելու համար:


