Արմինֆո. Թեհրանում քաջ գիտակցում են, որ թուրք-ադրբեջանական "Զանգեզուրի միջանցք" նախագծի իրականացման դեպքում տեղի կունենա Իրանի հյուսիսային սահմանների վերջնական արգելափակում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Վարդանյանը։
"Նման բավականին խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում, որոնց հետևանքները դուրս կգան ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հարավային Կովկասի սահմաններից, Իրանը կհայտնվի Թուրքիայից և Ադրբեջանից կախվածության մեջ։ Մինչդեռ այսօր, հաշվի առնելով Իրանի տարանցիկ նշանակությունը տանդեմի համար, հակառակ գործընթաց է տեղի ունենում։ Այս լույսի ներքո՝ հասկանալի է, որ տարածաշրջանի հերթական աշխարհաքաղաքական ճեղքումը Թեհրանի շահերին, ակնհայտորեն, չի համապատասխանում", - ընդգծել է նա։
Այնուամենայնիվ, Վարդանյանը ձեռնպահ է մնում Իրանի միանշանակ ռազմական միջամտություն կանխատեսելուց՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից հայ-իրանական սահմանի ամբողջականության խախտման դեպքում։ Պատճառը՝ Թեհրանի բավական ջերմ հարաբերություններն են Անկարայի և Բաքվի հետ՝ չնայած նրանց միջև պարբերաբար ծագող բոլոր խնդիրներին։
Սակայն, մյուս կողմից, փորձագետը հիշեցրել է Իրանի բանակի, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ Ադրբեջանի հետ սահմանին անցած տարվա աննախադեպ զորավարժությունների մասին՝ ի պատասխան Հայաստանի Սյունիքի մարզ ադրբեջանական ներխուժման սպառնալիքի։ Ինչը պատշաճ գնահատվեց Բաքվում։
Այս լույսի ներքո, այսպես թե այնպես, բայց Իրանում, իրանագետի կարծիքով, հաստատակամորեն մտադիր են պաշտպանել սեփական դիրքորոշումը՝ Հայաստանի հետ սահմանների անձեռնմխելիության օգտին։ Ինչը, նրա կարծիքով, առաջ է բերում Թեհրանի հետ հարաբերությունները մինչեւ ռազմավարական մակարդակի խորացման ուղղությամբ Երեւանի նոր քայլերի անհրաժեշտություն՝ անկախ այդ ճանապարհին բոլոր օբյեկտիվ աշխարհաքաղաքական դժվարություններից։