Արմինֆո. Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այդ մասին հաղորդել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության», - գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր 2021 թվականի սեպտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոններ զբաղեցրած ժամանակ մի շարք ընկերությունների կառավարման համար։ Բացի այդ, ըստ քննության տվյալների, նախկին գլխավոր դատախազը 190 մլն դրամ կաշառք է ստացել, 800 մլն դրամի հափշտակություն է կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ մոտ 1,3 մլրդ դրամի լվացման համար։