


Հանրապետական կուսակցությունը դատապարտում է ՙԿասեցում՚ շարժման մասնակից, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնարարքը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ՙՄեզ համար անընդունելի է բռնությունը`որպես խնդիրների լուծման մեթոդ՚,- նշել է Շարմազանովը: Նա հույս է հայտնել, որ իրավապահներն ամենակարճ ժամկետներում կբացահայտեն այդ գործը: Ըստ որում, նա կոչ է արել հապշտապ եզրակացություններ չանել և սպասել հետաքննության արդյունքներին: Հիշեցնենք, որ փետրվարի յոթին մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել և դաժան ծեծի են ենթարկել ՙԿասեցում՚ շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Ավելի վաղ Արտակ Խաչատրյանը ակտիվորեն մասնակցել է ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներին:



