


ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1966թ. ծնված Մ. Ա-ին, Շուշի քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի բնակիչ, 1957թ. ծնված Ք. Ղ-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 1978թ. ծնված Մ. Բ-ին և 1966թ. ծնված Գ. Հ-ին ս.թ. հունվարի 31-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և Ք. Ղ-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի էին ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել էին խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս էին քաշել մեքենաներից և մահակներով ծեծել:



