Արմինֆո. Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, անցնել 100 մետր և կատարել շրջադարձ՝ նորից միանալով Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում: