


Փետրվարի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ
մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին շեշտակի հաճախակիացած սադրիչ գործողությունների վրա:
«Անցյալ շաբաթվա վերջին՝ Մյունխենի անվտանգության համաժողովին, Ադրբեջանի նախագահի հրաժարումը՝ ընդունել միջնորդների կողմից առաջարկված միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, նրա արտահայտած դիրքորոշումները, վկայում են միջազգային հանրության կոչերի նկատմամբ արհամարհանքի ու առավելապաշտական գծի շարունակման մասին»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ արգելակում է բանակցային գործընթացի առաջընթացը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։



