Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:
Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հավելելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը: «Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը' լարվածությունը պահպանվում է։
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։