Արմինֆո.Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանական վերջին գրոհների նպատակը Հայաստանին Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցում պարտադրելն է՝ Բերձորը հանձնելու նպատակով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
"Եվ ես բացարձակապես չեմ ակնկալում նման ռազմական շանտաժի քաղաքականության դադարեցում՝ այդ ճանապարհի կառուցումից հետո։ Բաքվի վերջին ռազմական սադրանքներն ընդամենը նախազգուշական-վերջնագրային բնույթ էին կրում։ Եվ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվել կամ սիմետրիկ պատասխանի, կամ դիվանագիտական պայմանավորվածությունների։ Այսպես թե այնպես, բայց Բերձորի հարցում Ալիևն, ակնհայտորեն, մտադիր չէ զիջումների գնալ։ Այնպես որ՝ քաղաքի հանձնումը, ընդամենը, ժամանակի հարց է", - կարծում է նա։
Այս կանխատեսումը քաղաքագետն ամրապնդում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի անգործությամբ, որը բացարձակապես չի պատրաստվում ինչ-որ կերպ միջամտել մարտական գործողություններին իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Եվ Հայաստանի վերջին ստորաբաժանումների դուրս բերումից հետո Արցախի պաշտպանության բանակն ակնհայտորեն ի վիճակի չի լինի դիմակայել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։
"Խաղաղապահների անգործությունը բացատրվում է պարզ. նրանց նպատակը բոլորովին սեփական կյանքի գնով արցախցիներին պաշտպանելը չէ։ Մոսկվայի նպատակը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ մենաշնորհային վերահսկողությունն է՝ սեփական զինվորականների միջոցով ։ Ասել է թե՝ ոչ թե խաղաղապահությունը, այլ՝ աշխարհաքաղաքականությունը։ Եվ միջանցքում բախումների արդյունքներն այդ առումով նորություն չեն։ Համանման իրավիճակի մենք արդեն բախվել ենք Խծաբերդում եւ Փառուխում", - հիշեցրել է Վարդանյանը։
Հայաստանի համար հնարավոր միակ քայլը՝ նման ֆոնին, քաղաքագետի գնահատմամբ, Բաքվի ռազմատենչ մղումների զսպումն է հենց ռազմական ճանապարհով։ Քանի որ ՌԴ-ի կողմից ադրբեջանական ագրեսիային լուրջ հակազդելու հնարավորություններ կարող են ի հայտ գալ, լավագույն դեպքում, 2025 թվականին ՝ Արցախում ռուսաստանցի զինվորականների տեղակայման ժամկետի լրանալուն պես։ Եվ միայն այն դեպքում, եթե Բաքուն պահանջի դրանց անհապաղ դուրս բերում։ Մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ճնշման երկրորդ՝ "միջանցքային" վեկտորը, Վարդանյանը նշել է, որ Սյունիքի տարածքով արտատարածքային միջանցք բացելու Բաքվի փորձերը հազիվ թե հաջողությամբ պսակվեն։ Նրա գնահատմամբ՝ նման սցենարը Հայաստանի համար կարմիր գիծ է։ Իսկ ուժով միջանցք ճեղքելու Ալիեւի ամեն մի փորձ կբախվի Իրանի, Արեւմուտքի, չի բացառվում, Ռուսաստանի հակազդեցությանը", - ամփոփել է քաղաքագետը։