Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրությունների առնչությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
"Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի գոտում եւ նրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին: Մենք հիմա չենք կարող հաստատել այդ տվյալները։ Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել եւ մնացած բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով", - ասել է նա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Օգոստոսի 3-ին հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը մահացել են: Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։ Օգոստոսի 3-ին Արցախի նախագահը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին: Իսկ օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը չափազանց բարդ է, սակայն հարցեր են առաջանում ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք պետք է կանխեն շփման գծի խախտման ցանկացած փորձ:
Կրեմլում նշել են, որ կողմերի միջեւ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել իրավիճակը: