Արմինֆո. Մոսկվայում դեռեւս չեն տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների գործունեության վերաբերյալ հայկական կողմի լրացուցիչ նախաձեռնություններ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ պատասխանելով լրագրողների հարցին։
"Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող հիմա գուշակել։ Պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից, իհարկե, իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել։ Առայժմ մենք դրանք չենք տեսել",-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պնոմպենում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Օգոստոսի 3-ին հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը մահացել են: Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը Բերձորից արցախցիների դուրս մղումն է։ Օգոստոսի 3-ին Արցախի նախագահը հայտարարել է մասնակի զորահավաքի մասին: Իսկ օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը չափազանց բարդ է, սակայն հարցեր են առաջանում ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք պետք է կանխեն շփման գծի խախտման ցանկացած փորձ:
Կրեմլում նշել են, որ կողմերի միջեւ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել իրավիճակը: