Արմինֆո.Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն անձանագրել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում հրադադարի ռեժիմի չորս խախտում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 4-ին ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ ՊՆ տեղեկագրում։
"Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի չորս խախտում Սարըբաբա և Բուզդուխ լեռների շրջանում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում, որոնց հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու ներկայացուցիչ, և վիրավորվել է՝ տասնչորսը: Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ, այդ միջադեպերը կարգավորվել են։ Կողմերի շփման գծի խախտումներ չեն արձանագրվել:
Մարտակերտի և Մարտունու շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ", - նշվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իրավիճակին, նշել է, որ ներկայում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը չափազանց բարդ է, սակայն հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին, որոնք պետք է կանխեն շփման գծի խախտման ցանկացած փորձ: Ի պատասխան՝ Կրեմլում նշել են, որ կողմերի միջեւ սերտ շփումները թույլ կտան հստակեցնել իրավիճակը: