Արմինֆո.ԵԱՀԿ լեհական նախագահությունը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում զինված միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Այդ մասին ասված Է ԵԱՀԿ լեհական պատվիրակության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում։
"Մենք կոչ ենք անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապաԷսկալացման եւ երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկին պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերը", - ընդգծվում է հայտարարության մեջ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: «ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով», - ասվում է հաղորդագրությունում։