Արմինֆո. Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Ավելին, դեռ նախքան Ուկրաինայում պատերազմի սկսվելն այստեղ կանխատեսում էին ընթացիկ իրադարձություններն՝ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ տարածաշրջաններում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն։
"Այս լույսի ներքո՝ այն, ինչ, օրինակ, այսօր տեղի է ունենում հարավկովկասյան ուղղությամբ, նույնպես Մոսկվայի համար անակնկալ չէր։ Այստեղից էլ՝ դիվանագիտական մակարդակով բոլոր այն հայտարարությունները, որոնք արտացոլում են ՌԴ-ի մտահոգությունները մեզ շրջապատող տարածաշրջաններում հնարավոր աշխարհաքաղաքական ազդակների վերաբերյալ։ Մենք նաեւ հասկանում ենք, որ հենց նույն ԵՄ-ի մտադրություններն ու գործողությունները հայ - ադրբեջանական կարգավորման ուղղությամբ որեւէ կերպ չեն արտացոլում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հայտարարությունների արդյունքները", - ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ, Մալաշենկոյի գնահատմամբ, այսօր Մոսկվան չի կարող զբաղվել կովկասյան խնդիրներով այն ներգրավվածությամբ, որով նա դա արել է 2020թ. նոյեմբերի 9-ից սկսած: Եվ գիտակցում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողություններն այս փուլում, վերջին հաշվով, ուղղված են ողջ Հարավային Կովկասից Ռուսաստանին կտրելուն։
Հենց նույն ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի, Պետդեպարտամենտի մյուս պաշտոնյաների այցերը տարածաշրջան, նրա խոսքով, անուշադրության չեն մատնել Մոսկվայում եւ համապատասխան արձագանքի են արժանացել: Ինչը բոլորովին չի նշանակում, որ Արևմուտքը դադարեցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացները ՌԴ-ի միջնորդությունից երկկողմ մակարդակի հանելու ուղղությամբ ջանքերը։ Վերջինը, այդ ռազմավարության հեղինակների մտահղացումների համաձայն, թույլ կտա ապագայում չեզոքացնել ՌԴ ներկայությունը ողջ տարածաշրջանում։
"Ինչպես տեսնում եք, դիտարկվում և վերլուծվում են բոլոր հնարավոր սցենարները։ Նույնիսկ այն, ըստ որի Ռուսաստանը կարող է գիտակցաբար զիջումների գնալ որոշ տարածաշրջաններում ՝ այլ տարածաշրջաններում ինչ-որ բան ստանալու նպատակով։ Թե ում հաշվին է ծավալվելու այդ դիվանագիտական առեւտուրը, ես այսօր չեմ կարող ասել։ Բայց այն, որ Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև արդեն ակտիվ խորհրդատվություններ են ընթանում, և այն, որ դա Արևմուտքին պատասխանելու փորձ է, նկատելի և այսօր։ Ռուսաստանն ամեն ինչ անում է երկրորդ ճակատի բացումից խուսափելու համար։ Եվ Մոսկվայի վարքագիծը Հարավային Կովկասում, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նաև այդ հեռանկարի անցանկալիությամբ։ Կարծում եմ, որ այդ գիծը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ - ին չի հաջողվել լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրներն Ուկրաինայում", - ամփոփել է Մալաշենկոն։