
ԲՀԿ ընդդիմադիր գործընկերներն այդպես էլ չեն կարողացել
հասկանալի գնահատական տալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին
հասարակաքաղաքական համաժողովում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը
միայն հայտարարել է, որ «ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ)
«ճանապարհային քարտեզում» անպայման հստակ ձևակերպված կլինի Հայաստանում վաղաժամկետ
նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը: Ընդ որում նա
կանխատեսել է, որ գալիք գարունը Հայաստանում կլինի հանգիստ և ոչնչով չի տարբերվի
նախորդ գարուններից:
Ծառուկյանի ելույթն «առաջընթաց քայլ» է որակել ՀԱԿ
խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա համոզմամբ, Ծառուկյանն առաջին անգամ
հրապարակավ հայտարարել է Հայաստանում վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտտության
մասին: ԲՀԿ-ն հուսալի գործընկեր է», - հայտարարել է նա, ընդսմին հավելելով, որ
քաղաքական պայքարում ՀԱԿ-ն առավել արմատական դիրքորոշումներ ունի: «Երկիրը
կործանվում է, և առկա ճգնաժամից միակ ելքը վաղաժամկետ իշխանափոխությունն է և
ճգնաժամային կառավարության ձևավորումը: Ժողովուրդը պետք է պայքարի ելնի այդ
նպատակն իրագործելու համար», - ամփոփել է Զուրաբյանը:
ՀՅԴ խմբակցնության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին
նշել է, որ Ծառուկյանն այդպես էլ չի ներկայացրել իր դիրքորոշումը կառուցվածքային
հարցերի նկատմամբ: «Ասել, թե բոլոր խնդիրներն առնչվում են Ընտրական օրենսգրքին, և
դրա բարեփոխումից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, նշանակում է` մոլորության մեջ
գցել ժողովրդին», - հայտարարել է նա, ընդգծելով, որ իշխանափոխությունը Հայաստանում
պետք է լինի կառուցվածքային: «Մենք պետք է մանրակրկիտ մշակենք ծրագիր, նշենք, թե
որ քայլին ինչ քայլ կհետևի», - եզրափակել է Ռուստամյանը:
Իսկ կառավարող ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ
Բաղդասարյանը սահմանափակվել է սոսկ հայտարարությամբ այն մասին, որ ՀՀԿ-ն
Ծառուկյանի ելույթին կանդրադառնա իր գերագույն մարմնի նիստում:
Նշենք,
որ նախօրեին ԲՀԿ նախաձեռնած հասարակաքաղաքական համաժողովի ընթացքում
«բարգավաճների» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ սուր քննադատության է
ենթարկել երկում առկա իրավիճակը, չնայած այդ հանգամանքին, հստակ չձևակերպելով
վաղաժամկետ իշխանափոխության անհրաժեշտության պահանջը: «Եթե առկա խնդիրներն
արմատախիլ չարվեն, ժողովուրդն ստիպված կլինի պարտադրել իշխանափոխություն», -
լղոզել է Ծառուկյանը: