


Ռուսաստանում աշխատելու համար
Հայաստանից մեկնած
միգրանտներն այսուհետ
աշխատանքային արտոնագրերի կարիք
չեն ունենա: Այս մասին այսօր
կայացած մամուլի
ասուլիսում հայտարարել
է ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ
իրավիճակների նախարարության Միգրացիոն
գործակալության ղեկավար
Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, արտոնագրերի անհրաժշտությունը վերացավ 2015 թվականի
հունվարի 2-ից, երբ Հայաստանը դարձավ
Եվրասիական տնտեսական
միության անդամ:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ ծառայությունների մատուցման կամ
աշխատանքային պայմանագիր ստորագրելով, հայ միգրանտներն այդ պայմանագրի
գործունեության ժամանակահատվածում հայտնվում են Ռուսաստանի տարածքում օրինական
ճանապարհով գտնվողների կարգավիճակում: «Այդ ժամանակահատվածում, ինչպես միգրանտը,
այնպես էլ նրա ընտանիքի անդամները, կարող են գալ Հայաստան և կրկին վերադառնալ
Ռուսաստան»,-ասել է Եգանյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանի օրենսդրական վերջին
փոփոխությունները Հայաստանի քաղաքացիների վրա չեն տարածվում:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է
«ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքի
փոփոխությունների մասին: Այսուհետ աշխատանքային միգրանտները, որոնք Ռուսաստանի
տարածք են մտնում առանց վիզաների, պարտավոր են ձևակերպել մեկ ամսյա անձնական
արտոնագիր, մինչև մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությունով: Արտոնագիրն
անհրաժեշտ է ստանալ երկիր մտնելուց հետո` 30 օրերի ընթացքում, իսկ այդ ժամկետը
խախտելու դեպքում կարող է արտոնագրի տրամադրման հարցում ստանալ մերժում:



