Արմինֆո.Ամեն շաբաթ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ ենք գրանցում։ Այդ մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ Հայաստանում այժմ տարածված է "Օմիկրոն" շտամի «BA.5» ենթատեսակը։
Նա, մասնավորապես, նշել է, որ մի շարք այլ երկրներում գրանցվել են վարակման ավելի բարձր ցուցանիշներ։ Սակայն, Առողջապահության նախարարությունն առայժմ մտադիր չէ վերադառնալ սահմանների փակմանն առնչվող սահմանափակումներին։ Այս առնչությամբ Ավանեսյանն ընդգծել է, որ ամեն ինչ կախված է երկրում տիրող պանդեմիկ իրավիճակից: "Եթե իրավիճակը սրվի, ապա մենք ողջ գործիքակազմը կօգտագործենք՝ հիվանդության դեմ պայքարելու համար", - ասել է նա:
Ընդ որում նախարարը նշել է, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, որը ժամանակ առ ժամանակ բռնկվելու է տարբեր երկրներում։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում (հուլիսի 18-24 - ը) Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 158 թեստ, որոնցից 965-ի պատասխանները դրական են (53% շաբաթական աճ), ապաքինվել է 547 հիվանդ, մահացել է՝ 7-ը: Փաստացի բուժում է ստանում 1 144 հիվանդ (շաբաթական 55% աճ): Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 3 154 685 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 425 365 դեպք, ապաքինվել է 413 901 մարդ, մահվան դեպքերը՝ 8633: