Արմինֆո. Խոստանալով սեպտեմբերին վերադառնալ Ազգային ժողով, սակայն, բացառապես սեփական օրակարգով, խորհրդարանական ընդդիմությունը, դատելով ըստ ամենայնի, նկատի ունի "փողոցային" օրակարգի տեղափոխում խորհրդարան։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Ժողովրդավարական այլընտրանք" կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
"Այլ կերպ ասած՝ հիմա նրանք վարչապետի հրաժարականը պահանջելու են խորհրդարանի պատերի ներսում։ Սակայն, խորհրդարանի տարբերությունը փողոցից այն է, որ եթե դու պահանջում ես վարչապետի հրաժարականը, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն գոռգոռոցներ ու կոչեր, այլ շատ որոշակի գործողություններ՝ նույն իմփիչմենթի ընթացակարգի տեսքով։ Ինչի համար այդ ընդդիմությունը ռեսուրս չունի", - նշել է նա։
Ընդ որում, երկրի օրենսդիր մարմնում մեկ տարի աշխատելուց հետո "սեփական օրակարգով" ընդդիմության խորհրդարան վերադառնալու փաստն իսկ քաղաքագետը բավականին տարօրինակ և անհեթեթ է համարում։ Այս լույսի ներքո, նրա կարծիքով, այլ բան չի մնում ենթադրելու, քան այն, որ Իշխան Սաղաթելյանը "վերադարձից" հետո այլևս չի սպասարկի, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի շահերը։
Ընդհանուր առմամբ, քաղաքագետը կարծում է, որ միասնական խորհրդարանական ընդդիմություն այլևս չկա, ինչպես չկա դե-ֆակտո, ըստ էության, "Պատիվ ունեմ" խմբակցություն։ Իսկ "Հայաստան" դաշինքն այնքան բազմաշերտ ու խայտաբղետ է, որ թույլ է տալիս կանխատեսել հենց այս աշնանը անակնկալներ՝ նրա առանձին մասերի մասնատման տեսքով։ Թեեւ, պատգամավորական մանդատներից ընդդիմադիրների հրաժարվելու հեռանկար նա չի տեսնում։
"Այսպես թե այնպես, բայց, եթե Փաշինյանի հրաժարականի պահանջները, նախկինի պես, համեմվելու են "ոչ թրքացմանը" կարգախոսներով, առավել ևս, նման նախագծերով, ապա ընդդիմության նորացված խորհրդարանական օրակարգի հեռանկար, առանձնապես, չեմ տեսնում։ Փողոցային ճնշման բացակայության պայմաններում խորհրդարանը, հասկանալի է, ոչ մի հայտարարություն ու փաստաթուղթ չի ընդունի՝ հօգուտ ընդդիմության նորացված, սեպտեմբերյան օրակարգի", - ամփոփել է Սուրենյանցը։