


Արմինֆո. "Արար" հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել կալանքից:
Երեկ "Արմավիր" քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում նա շնորհակալություն է հայտնել իր ընտանիքի անդամներին, փաստաբանների թիմին, իր կողմնակիցներին և լրագրողական հանրության ներկայացուցիչներին՝ աջակցության համար: Չալաբյանը խոստացել է առաջիկայում ասուլիս հրավիրել և մանրամասն պատասխանել բոլոր հարցերին:
Ավելի վաղ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հաղորդել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը չի հասցրել քննել Չալաբյանի կալանքի հիմնավորվածության հարցը, հետեւաբար, հասարակական-քաղաքական գործչի կալանքի ժամկետը լրացել է հուլիսի 27-ին՝ ժամը 21:00-ին:
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին կաշառելու փորձի համար' ընդդիմության բողոքի ակցիաներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով: Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսանում լրատվական կայքերից մեկում հրապարակված ձայնագրությունը։ Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր գործի նախաքննության ավարտի մասին ։



