Արմինֆո.Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվող Ուկրաինայում կենտրոնացած հակամարտության պայմաններում Արցախի խնդրի կարգավորման հեռանկարների վերաբերյալ որևէ կանխատեսում անել հնարավոր չի թվում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Այս հակամարտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, մեղմ ասած, տեղ և, ամենագլխավորը, ժամանակ չի թողնում Մոսկվային։ Եվ՝ ոչ միայն այս հակամարտության համար։ ՌԴ-ն այսօր վարում է իր համար ռիսկերի նվազեցման եւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ստատուս- վոյի պահպանման քաղաքականություն", - նշել է նա։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման այլընտրանքային հարթակ դառնալու ԵՄ-ի ձգտումը՝ քաղաքագետն այն գնահատել է, ընդհանուր առմամբ, դրական։ Սակայն, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ն ի վիճակի չէ ՌԴ-ին փոխարինել այդ միջազգային ուղում։ Թեկուզ, պարզապես, այն պատճառով, որ Մոսկվան այս հարցում ոչ թե, պարզապես, միջնորդ է, այլ՝ խաղի մասնակից։ Ինչն արտահայտվում է Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինության վաճառքով եւ Հայաստանի ու Արցախի տարածքում ռուսական զորքերի առկայությամբ։
Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանը, Հայաստանի վրա ազդելու բազմաթիվ եղանակները, Մոսկվան, ընդհանուր առմամբ, երկու երկրների վրա ազդելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան ԵՄ-ը։ Ինչը, նրա կարծիքով, նշանակում է մեկ բան. եվրոպական ձևաչափն ի վիճակի չէ փոխարինել ռուսական բանակցային ձևաչափը։
"Ի դեպ, բոլորովին վատ չի լինի, եթե Բրյուսելը այս առումով ինչ-որ կերպ լրացնի Մոսկվային, ինչը նույնպես բավական դժվար կլինի ՝ հաշվի առնելով Արևմուտքի և ՌԴ-ի միջև եղած հակասությունները։ Ավելին, եթե Մոսկվայում հանկարծ որոշեն ինչ-որ մեկին դուրս մղել գործընթացից, ապա դրա համար նրա տրամադրության տակ կգտնվի էապես ավելի ընդարձակ գործիքակազմ, քան՝ հենց նույն եվրոպացիների մոտ", - նշել է նա