ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևան քաղաքի
կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը Ավ.Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղերն
ապահովել են ինտերնետ հասանելիությամբ
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության մամուլի ծառայությունից, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար
օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով է ապահովել
մայրաքաղաքում ծանրաբեռնված սպասարկում իրականացնող գրադարանները: Քաղաքապետարանի
ենթակայությամբ գործող՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում
ստեղծվել են Wi-Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում
գործող 13 հատ 3G երթուղիչ:
Պետության և մասնավոր հատվածի այս համագործակցության
հիմքում ընթերցասեր հասարակությանն ընդառաջելու ցանկությունն է: Ծրագիրը թիրախային
խմբին` երիտասարդ սերնդին, հասանելի է դարձնում նորարարական տեխնոլոգիաների
ընձեռած հնարավորությունը: Համացանցի տեղեկատվական հզոր բազայից օգտվողների թիվը
տարեցտարի ավելանում է: Վիճակագրական տվյալներով, միայն անցյալ տարվա ընթացքում, շուրջ 13 հազարով ավելացել է
նշված գրադարաններ այցելությունների և առկա հնարավորություններից օգտվողների թիվը:
Ծրագրի տարեկան արժեքը կազմում է ավելի քան 2,4 մլն դրամ: Այս գրադարաններում այսօրինակ
հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն
դրամ:
Հաշվի առնելով
արդյունավետությունը` համագործակցող կողմերը որոշել են ընդլայնել ծրագիրը:
Ընթացիկ տարում նախատեսվում է ինտերնետ հասանելության սարքերով ապահովել մշակութային
ևս 4 օջախ. Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն
Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական
արգելոց-թանգարանում:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է,
որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների
փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը,
հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում
կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: