Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:
Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:
Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:
Իլհամ Ալիեւի հետ զրույցում Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այդ զրույցների արդյունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է "Ադրբեջանի եւ Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորության մասին": Մասնավորապես, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, Բլինքենը հաստատել է տարածաշրջանային տրանսպորտային եւ հաղորդակցական կապերի բացման դյուրացման հարցում օգնության մասին ԱՄՆ-ի առաջարկը: ԱՄՆ պետքարտուղարը նախագահ Ալիևին կոչ է արել ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին ։ Բլինքենը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել երկկողմ երկխոսությունը, եւ օրինակ է բերել վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Բլինքենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից եւ պատրաստ է օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հասնելու բոլոր փուլերում: