Արմինֆո.Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի հարթակներում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ Հայաստանի հետ սահմանը փակելու անընդունելիության մասին հայտարարությունը հասցեագրված էր մեկ մարդու՝ Ռեջեփ Էրդողանին։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշևը։
"Խամենեիի հայտարարությունն, ընդհանուր առմամբ, արտացոլում է Անկարայի եւ Թեհրանի քաղաքական փոխհարաբերությունների բավականին բարդ սպեկտրը։ Ի թիվս այլոց՝ նաեւ Հարավային Կովկասում: Եվ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման ուղղությամբ Թեհրանի հերթական փորձն է։ Այդ թվում ՝ Հայաստանի և Իրանի սահմանին լարվածության հետագա սրման անթույլատրելիության մասին Թուրքիայի նախագահին ուղղված ուղերձի միջոցով", - նշել է նա։
Ըստ Արեշևի, Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցքի անցկացման միջոցով հաղորդակցություններ հաստատելու Բաքվի և Անկարայի փորձերը Թեհրանի օրինաչափ մտահոգությունն են առաջացնում: Իսկ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին իրանա-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի նշանները, վերջին հաշվով, փոխակերպվել են ավելի ակտիվ դիվանագիտական և քաղաքական ակտիվության։
Այդուհանդերձ, այս ամենը, փորձագետի գնահատմամբ, բնավ չի բացառում Իրանի ավելի արմատական քայլերը Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ լարվածության սրման դեպքում: Իսկ Խամենեիի թեհրանյան հայտարարությունը հերթական հիշեցումն էր Թեհրանի համար իր հյուսիսային սահմաններին միջազգային ահաբեկիչների կամ իսրայելցի զինվորականների տեղակայման անընդունելիության մասին։
Մեկնաբանելով Սիրիայի սահմաններից դուրս փոխգործակցության եռակողմ ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Թեհրանի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը՝ Արեշևը նշել է, որ դրա ընդլայնումը կովկասյան ուղղությամբ ոչ միայն ցանկալի է, այլև՝ անհրաժեշտ: Եվ, օրինակ, հենց նույն Իրանն ակտիվորեն փորձում է այսօր ակտիվ տնտեսական կապեր հաստատել Ադրբեջանի և Հայաստանի հետ։
"Այս առումով Հարավային Կովկասը ոչ պակաս կարեւոր տարածաշրջան է։ Եվ, իհարկե, սահմանի բացման շուրջ հայ-թուրքական շարունակվող բանակցությունների տեսանկյունից։ Հարկ է արձանագրել, որ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի համար կարևոր հարցերի համալիրը կապված է կովկասյան արդիական խնդիրների հետ ։ Որքան ես հասկանում եմ, ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների միջև այդ մասով արդեն պայմանավորվածություններ կան ։ Տեսնենք, թե դրանք ինչպես կիրագործվեն գործնականում", - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։