


Արմինֆո.Հուլիսի 25-ին, ժամը 08:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող «ԱՊԱՎԵՆ ՏԵՐՄԻՆԱԼ» ՓԲԸ-ին պատկանող պահեստում։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։50-ին, մարվել՝ 09:02-ին: 50 քմ տարածքում այրվել են անվադողեր և ավտոպահեստամասեր:
Նշենք, որ «ԱՊԱՎԵՆ»-ը Հայաստանում եւ արտերկրում բեռնափոխադրումների խոշոր ընկերություն է, որն ունի իր գրասենյակները, տեխնիկական եւ մարդկային ռեսուրսները առանցքային փոխադրակետերում' Փոթի, Թբիլիսի, Նովոռոսիյսկ:



