Արմինֆո. Խաղաղ հեռանկարների, առավել եւս, խաղաղության հաստատման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրման առնչությամբ լավատեսության հարկ չկա: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ազգային անվտանգության հարցերով փորձագետ, ք.գ.դ. Հրաչյա Արզումանյանը։
"Բաքվի բոլորովին այլ մոտեցումների ֆոնին, ըստ էության, դժվար է, նույնիսկ, խոսել խաղաղության մասին։ Ալիևը շարունակում է մեծացնել ռազմական ներուժը, համապատասխանաբար, ավելացնելով սպառնալիքները Արցախի և Հայաստանի ուղղությամբ։ Եվ ես բնավ հակված չեմ ինքնաձիգի փողի տակ ձեռք բերված խաղաղությունը գնահատել որպես խնդիրների իրական կարգավորում։ Նման պայմաններում պարտավորություններ ստորագրելով՝ մենք կստանանք ոչ թե խաղաղություն, այլ ուղիղ ճանապարհ դեպի հաջորդ պատերազմ", - նշել է նա։
Սպառնալիքների ու ճնշման մասին, փորձագետի կարծիքով, խոսում են Հայաստանի տարածքի ադրբեջանական վերջին պարբերական գնդակոծությունները։ Այդ թվում՝ հայկական գյուղերի ուղղությամբ։ Արզումանյանը նման քաղաքականությունը գնահատում է որպես վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումների պաշտպանության վկայություն։ Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված դիրքորոշումների։
Ըստ փորձագետի, Բաքվում այդ ամենը բոլորովին չեն թաքցնում, իսկ խաղաղության հասնելու ուղղությամբ ինչ-որ լավատեսության մասին Հայաստանի ղեկավարության խոսակցությունները նման ֆոնին, նրա կարծիքով, տարօրինակ են թվում: Արզումանյանը կարծում է, որ Բաքվի ներկայիս դիրքորոշման փոփոխություն հնարավոր է մի դեպքում. եթե փոխվեն հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների՝ Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի և հավաքական Արևմուտքի դիրքորոշումները:
"Ամեն ինչ պարզ է. մեր և ոչ միայն մեր տարածաշրջանում որոշումները կայացվում են ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի կամ Իլհամ Ալիևի կողմից։ Համապատասխանաբար, տարածաշրջանում իրական փոփոխությունները պայմանավորված են այդ կենտրոնների հարաբերությունների փոփոխություններով։ Դա հնարավոր է, բայց այդ գործընթացներն անվանել խաղաղություն, առավել ևս, դրանց առաջխաղացում ակնկալել Փաշինյանից կամ Ալիևից, մի քիչ անլուրջ է", - ամփոփել է Արզումանյանը։