Արմինֆո. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը և շվեյցարական Պաուլ Կլեե կենտրոնում գործող Կրեավիվա (Creaviva) մանկական թանգարանը հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ - Կրեավիվա» ծրագիրը։
ԳԱԿ հաղորդագրության համաձայն, չորս շաբաթ տևողությամբ ծրագրի շրջանակում արվեստագետ, Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։ Ֆրանց Բրուլհարթը կաշխատի նաև Փոքր թատրոնի Ներառական պարային խմբի հետ։ Որպես նախագծի ամփոփում ԳԱԿ պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ծրագրի շրջանակում մասնակիցների ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կներկայացվի փերֆորմանս՝ Ներառական պարային խմբի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2023 թվականի գարնանը նախատեսվում է հայկական կողմի փոխադարձ այց Կրեավիվա մանկական թանգարան՝ ԳԱԿ սաների աշխատանքների ցուցադրությամբ: Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում