Արմինֆո. Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի մայրաքաղաքում:
"Ողջունում ենք Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում, որը համալիր լուծմանն ուղղված կարեւոր քայլ է", - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Բորելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը լիովին ներգրավված է խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկասի աջակցության գործում: "Կարգավորումը եւ հաշտեցումը կարող է ձեռք բերվել միայն ուղիղ երկխոսության միջոցով", - նշել է ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։ ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը: