Արմինֆո.Հուլիսի 15-ին Բաքվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր են քննարկել ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւն ու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այդ մասին հաղորդել է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հաղորդակցությունների բացմանը, ականազերծման խնդիրներին առչնվող հարցեր: Ալիեւն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ Հայաստանի կողմից ,2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն ստանձնած, պարտավորությունների կատարման կարեւորությունը:
Հիշեցնենք, որ Կլաարը Բաքու է մեկնել Երևանից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։