Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հյուրընկալվել են «Իմ քայլը» հիմնադրամում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։
Ինչպես հաղորդել է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, Մխիթար Հայրապետյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաև հայտնել է հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված հիմնադրամի ջանքերի մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ: