Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը կայուն աշխատանքով և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վստահ աճով նշեց մասնագիտական տոնը՝ Մետալուրգի օրը:
«ԱՐՄԵՆԱԼ-ի համար անցնող տարին լարված էր, բայց ընդհանուր առմամբ հաջողակ: Արտադրանքի որակի ցուցանիշներն ապահովված են. ունենք արտաքին խոտանի ամենացածր տոկոսը գործարանի պատմության ընթացքում: Սա յուրաքանչյուր ճարտարագետի, յուրաքանչյուր բանվորի վաստակն է», - հայտարարեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
Մասնագիտական տոնի առիթով ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատակիցների մի մեծ խումբ արժանացել է ոլորտային և գերատեսչական պարգևների:
Գործարանի զարգացման երկրամյա ավանդի համար Մետալուրգների, լեռնագործների և ոսկերիչների հանրապետական արհմիության մեդալներով պարգևատրվել են արտադրության գծով տնօրեն Տիգրան Առուստամյանը, բաժնի պետ Սամվել Հակոբյանը, գլխավոր էներգետիկի ծառայության մասնագետ Լիլիթ Իսրայելյանը:
ՌՈՒՍԱԼ ընկերության պատվոգրեր հանձնվեցին ձուլող Կարեն Հովհաննիսյանին, էլեկտրամոնտյոր Պետրոս Համբարձումյանին և մենեջեր Լիլիթ Հարությունյանին:
Տասնյակից ավելի փայլաթիթեղագլանողներ արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի ՌՈՒՍԱԼ-ի Դաունստրիմ ոլորտային դիվիզիոնի, ԱՐՄԵՆԱԼ գործարանի, Մետալուրգների, լեռնագործների և ոսկերիչների հանրապետական արհմիության կողմից:
Մետալուրգի օրվա առիթով ամփոփվեցին «Տարվա բարելավումներ» մրցույթի արդյունքները վեց անվանակարգերով: Հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ: