
Անելիք բանկը, Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ,
իրականացնում է նոր ծրագիր, համաձայն որի Բանկի բոլոր մասնաճյուղերում ներդրվելու
է հաճախորդների սպասարկման կառավարման նորագույն համակարգ` ուղղված հաճախորդների
կարիքների բացահայտմանը, գնահատմանը և Բանկի նկատմամբ նրանց հավատարմության
ձևավորմանն ու ավելացմանը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, Անելիք բանկի համագործակցությունը Մենեջմենթ Միքս ընկերության հետ
երկարատև է լինելու: Տվյալ ծրագրի իրականացման համար հաշվի է առնվել բանկային
սպասարկման միջազգային լավագույն փորձը։ Հաճախորդների սպասարկումը նորագույն և
ժամանակակից ստանդարտներով իրականացնելու նպատակով վերապատրաստում են անցել Բանկի
տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից, իսկ համագործակցության 2-րդ տարին
կներառի ավելի քան 250 աշխատակցի վերապատրաստում:
«Անելիք բանկը մշտապես ունենալով իր բաժնետիրոջ`
լիբանանյան Կրեդիտ Բանկի ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը և կիրառելով
Կրեդիտ Բանկի ռազմավարությունն ու փորձը, կարողացավ վերջին մի քանի անհաջող
ֆինանսական տարիներից հետո, 2014 թվականը փակել շահույթով, ինչը նաև մեր որդեգրած նոր
ռազմավարության արդյունքն է` իր մեջ սպասարկման նշված համակարգի ներդրմամբ և
կիրառմամբ»,-տեղեկացնում է Անելիք Բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու
Աստղիկ Մարտիրոսյանը։
Նշենք, որ Մենեջմենթ Միքսը եվրոպական խորհրդատվական
ընկերություն է, որ հիմնվել է 1969 թվականին Փարիզում և ունի ավելի քան 15 տարվա
փորձառություն Հայաստանյան, Լիբանանյան և Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ,
Սուադիան Արաբիա) բանկերում։ Մենեջմենթ Միքս ընկերությունը մասնագիտացված է նաև
ներդրողների ներգրավմամբ, ինչպես նաև ՓՄՁ-ների և սկսնակ գործարարների (StartUp)
ֆինանսավորման համար այնպիսի ֆինանսական մեխանիզմների մշակմամբ, ինչպիսիք են
մասնավոր ներդրումային հիմնադրամները։
Ըստ «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվության, բանկի ընդհանուր կապիտալը 2015 թվականի հունվարի 1-ին կազմել է 14.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 10.2%), կանոնադրական կապիտալը` 15.3 մլրդ դրամ (տարեկան աճը` 7%), ակտիվները` 87 մլրդ դրամ (տարեկան աճը` 45%), ընդհանուր պարտավորությունները` 72.6 մլրդ դրամ (տարեկան աճը` 55%): 2014 թվականը բանկը եզրափակել է 335 մլն դրամ զուտ շահույթով, 2013-ի 1.4 մլրդ դրամ զուտ վնասի փոխարեն: Միայն 2014-ի չորրորդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 816,2 մլն դրամ: Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի IV եռամսյակում իր մասնաբաժինն ավելացրեց,
89,95% - ից հասցնելով 100%-ի: