
Արմինֆո. Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «ԼՂ պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագրի արդյունքների ամփոփման միջոցառումը: Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին և նպատակ ուներ բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:
Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած 17-ից 35 տարեկան երիտասարդներ էին, որոնք ընտրվել էին ըստ սահմանված առաջնահերթության՝ վիրավոր և ռազմական գործողությունների մասնակիցներ, պատերազմի մասնակիցների ընտանիքներից երիտասարդներ, հակամարտության արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներ:
Ծրագրի շնորհիվ Դիլիջան համայնքի՝ պատերազմից տուժած ավելի քան 100 երիտասարդ ձեռք է բերել նոր հմտություններ, աշխատանքային շուկային համապատասխան մասնագիտական կարողություններ ու գործիքներ։ Արդյունքում, մասնակիցների 70%֊ը աշխատանքի է տեղավորվել տարբեր ոլորտներում: Իսկ 9 երիտասարդ ստացած 3000 եվրո դրամաշնորհով հիմնել են իրենց սեփական ընկերությունները՝ նոր աշխատատեղեր բացելով համայնքում։
Միջոցառմանը ներկա էին «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, Երևան մ/ճ-ի տնօրեն Հարություն Դարբինյանը, HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյնալյանը և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» ԲՀ-ի Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Հավատարիմ HSBC Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը՝ Բանկն իրագործում է մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել Հայաստանում մարզային և խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Նշեմ, որ տարվա ընթացքում բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս ունեցել ենք՝ ուղղված մարզերի մեր հայրենակիցների, մասնավորապես, երիտասարդների կյանքի որակի բարելավմանը: Սակայն այս ծրագիրն առավել յուրահատուկ է, քանի որ դրան մասնակցում են Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդները»,֊ նշեց HSBC Հայաստան բանկի գլխավոր տնօրեն Իրինա Սեյնալյանը:
«Անցած տարի գարնանը՝ ծրագրի մեկնարկին, ակնկալում էինք մոտ 100 երիտասարդի մասնակցություն, որտեղ նրանք կստանային նորարարական կրթություն և կզարգացնեին իրենց բիզնես հմտությունները: Ուրախալի է տեսնել, որ մասնակիցներից ոմանք իրենց փոքրիկ բիզնեսն են հիմնել՝ այդպիսով ապահովելով իրենց համայնքի կայուն զարգացումը»,֊ ավելացրեց Իրինա Սեյլանյանը: