Արմինֆո.Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվան ընդառաջ հուլիսի 13-ին, ժամը 19: 00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին, որը կրում է La FRANCOF Shantee et Dansee (Երգող և պարող Ֆրանկոֆոնիա) անվանումը, ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, Երիտասարդական օպերային ծրագրի արտիստները:
Այս տարի միջոցառումը նվիրված է ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի 160-ամյակին, եւ այդ առիթով Balmanukian Dance Project-ի արտիստները կցուցադրեն "Լուսնի լույս" պարային ներկայացումը՝ ի պատիվ Դեբյուսիի հայտնի ստեղծագործության:
"Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայի ազգային տոնն է, որը նշվում է հուլիսի 14-ին։ Բաստիլի գրավումը, որը նշանավորեց բացարձակ միապետության տապալումը, սկիզբ դրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությանը",-ասված է Պետական ֆիլհարմոնիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում: