Արմինֆո. Չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը՝ որպես սուբյեկտ, այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում.
Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունական «Կաթիմերինի» պարբերականի հետ հարցազրույցում:
«Հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի։ Դա ինքնախաբեություն է։ Ավելին, մեր բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը, և համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը», - ասել է արտգործնախարարը։