Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերության նախօրեին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է:
«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա, մեր բոլոր ուղևորները կհասնեն այն վայրերը, որտեղ նախատեսել էին մեկնել»,- հաղորդել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նշենք, որ "Զվարթնոց" օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն, 3F475 չվերթի ինքնաթիռը Ստամբուլ է մեկնել շաբաթ օրը՝ ժամը 08: 03-ին:
Այս տարվա փետրվարի 2-ից «FlyOne Armenia» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ։
«FlyOne Armenia»-ն (www.flyone.am) ստեղծվել է 2021 թվին: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ կոդեր։
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Ընկերությունն աշխատում է որպես
մոլդովական FLYONE ավիաընկերության (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում: FLYONE ավիաընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ այժմ Մոլդովայի Հանրապետության ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է։ 2018-2020 թվականների ընթացքում ընկերությունը բազմիցս ընդգրկվել է EMEA-ի (Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Աֆրիկա) ամենահեղինակավոր ավիաընկերությունների առաջատար տասնյակում: