Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը:
«Մենք մշտապես հետեւում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը եւ չափազանց կարեւորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որեւէ այլ դրսեւորում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլեւ հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը եւ 2020 թ. աղետալի պատերազմի հետեւանքները: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան եւ տեղում կծանոթանա իրավիճակին, նաեւ կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:
Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը: Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը եւ սիրով ընդունել փոխադարձ հրավերը:
Այսօր Ալեն Սիմոնյանն ընդունել է նաեւ Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի վիճակով, որի դեմ մահափորձ է կատարվել այսօր: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Երկուստեք բարձրաձայնվել է մեր երկրների միջեւ բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը:
«Ճապոնիան մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգիռ է առեւտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությանն առնչվող հարցեր:
Ճապոնիայի դեսպանը կարեւորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է ստանձնում՝ օգնելով դասական դիվանագիտությանը: