Արմինֆո.Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու՝ «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովեհտև կարծում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն էական կմեծացնի: Նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացնենք և գործընթացն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»: