Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի խնդիրը բացառություն չի կազմում ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ ընդհանուր դիվանագիտական խզման մեջ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ" ամսագրի գլխավոր խմբագիր և "Վալդայ" միջազգային բանավիճային ակումբի գիտական ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը։
"Ակնկալել, որ սովորական դիվանագիտական շփումները, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այլ թեմաների եւ հարցերի շուրջ փոխգործակցությունը կշարունակվեն ինչպես նախկինում, ակնհայտորեն չարժե։ Կարծում եմ, որ այդ մասին շատ հստակ հայտարարել է մեր ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ընդգծելով, որ նման մթնոլորտում Ռուսաստանի և Արևմուտքի աշխատանքն անհնար է ցանկացած ձևաչափում։ Իմ կարծիքով, այս լույսի ներքո ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի վերականգնման հնարավորությունները, գործնականում, սպառված են", - նշել է նա։
Լուկյանովի ասելով, ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես հակամարտության կարգավորման գործիք, կորցրել է իրական ազդեցությունը դեռևս Արցախում 44-օրյա պատերազմից հետո։ Ինչի արդյունքում, ըստ էության, հակամարտության մոդերացիան անցել է Ռուսաստանին և Թուրքիային՝ որպես երկրների, որոնք տեղերում իրադարձությունների վրա անմիջական ազդեցության մեխանիզմներ ունեն։
Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ լուրջ գործընթացի չի մասնակցել։ Իսկ Ուկրաինան և Արևմուտքի հետ Ռուսաստանի փոխգործակցության բոլոր ձևաչափերի հետագա խզումը միայն վերջնագիծ դրեցին այդ գործընթացում։ Այս լույսի ներքո՝ Լուկյանովը Մինսկի ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ վերջին հայտարարությունները պայմանավորում է ՌԴ միջնորդության ներկայիս ձևաչափը նվազեցնելու ձգտմամբ՝ հետագայում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման հարցի վերանայմամբ:
"Սակայն, հաշվի առնելով այս հարցում ՌԴ-ի և Ադրբեջանի առանցքային դերն ու դիրքորոշումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման, առավել ևս, արդյունավետ աշխատանքի հնարավորությունն այսօր չնչին է։ Նույնիսկ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական կոնտինգենտի առկայությունը, Անկարայի, Բաքվի եւ Երեւանի հետ Մոսկվայի հարաբերությունների ներկայիս առանձնահատկությունները դժվարությամբ են թույլ տալիս ՌԴ-ին պահպանել իրեն ձեռնտու հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Դա այն ամենն է, ինչ այսօր մեզ թույլ են տալիս մեր հնարավորությունները", - ամփոփել է ռուս վերլուծաբանը։