Արմինֆո. Ավարտվեցին հայ և ադրբեջանցի մասնագետների հետ ինտենսիվ և շատ օգտակար քննարկումների երկու օրերը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նրա խոսքով, հունիսի 29-30-ը Վրաստանի Կախեթիայում Եվրամիության աջակցությամբ հանդիպել են ավելի քան 40 հայ եւ ադրբեջանցի պրակտիկ մասնագետներ, որոնք ԵՄ, ՄԱԿ եւ ԵԱՀԿ գործընկերների հետ կլոր սեղանի շուրջ քննարկել են Հարավային Կովկասում ապագա խաղաղության հնարավոր սցենարները:
Քննարկումներն ընդգրկել են տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտի սցենարները, ինչպես նաև գնահատել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին սուբյեկտների կողմից հայերի և ադրբեջանցիների միջև տևական խաղաղությանապահովման համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ կայուն խաղաղության շարունակական հանձնառությունը: Նա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումները ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով եւ բարձր հույզերով: Նա ողջունել է մասնաագտեների վճռականությունը՝ շարունակելու իրենց ջանքերը երկխոսության հաստատման, վստահության ամրապնդման եւ արմատավորված նարատիվներին հակազդելու ուղղությամբ, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլեւ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի խաղաղ ու բարգավաճ ապագային: