Արմինֆո. Երևանը բացառում է ցանկացած վերահսկողություն իր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների նկատմամբ, որոնք ենթակա են ապաշրջափակման։ Այդ մասին հունիսի 30-ին լրագրողներին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ևս մեկ անգամ բացառել է հարցը "միջանցքային տրամաբանության" համատեքստում դիտարկելու հնարավորությունը։ "Երբ խոսվում է տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դիրքորոշումների մերձեցման մասին, դա չի նշանակում այդ նույն "միջանցքային տրամաբանության" կիրառում: Այդ մասին հայտարարվել է ինչպես մոսկովյան բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով, այնպես էլ՝ Բրյուսելում, ինչի վկայությունն է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, ով հայտարարել է, որ բանակցային գործընթացում որևէ միջանցքի հարց չի քննարկվել",- նշել է ԱԽ քարտուղարը։
Ընդհանուր առմամբ, ռուս եւ եվրոպացի գործընկերների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների կենտրոնում են մնում հարցերի չորս հիմնական բլոկ. հումանիտար հարցեր, որոնք նախատեսում են ռազմագերիների վերադարձ, տարածաշրջանի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում և սահմանագծում եւ ղարաբաղյան կարգավորում: Գրիգորյանը հաղորդել է, որ հունիսի 27-28-ը նախատեսված էր հանդիպում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ, որը, սակայն, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել է, ընդ որում, Ադրբեջանը հստակ պատճառներ չի ներկայացրել։ "Այնուամենայնիվ, մենք տեղեկություն ունենք, որ այդ հանդիպումն առաջիկայում տեղի կունենա", - ասել է Գրիգորյանը։